Ուրախ ենք Ձեզ ներկայացնել GEM-ի համար Հայաստանի ազգային զեկույցի առաջին հրատարակությունը: Հայաստանը պատմականորեն համարվում է անհատ ձեռնարկատերերի երկիր. մի երևույթ, որը ժառանգվել է մեր նախնիներից: Համարվում է, որ բնածին ձեռնարկատիրական հմտությունները հայերին հնարավորություն են տալիս ստեղծելու արժեք, հիմնելով կամ ընդլայնելով տնտեսական գործունեության տեսակներն՝ ուղղված նոր ապրանքներ, գործընթացներ կամ շուկաներ բացահայտելուն ու օգտագործելուն: Այնուամենայնիվ, այդ համոզմունքները երբեք պատշաճ կերպով չեն ստուգվել՝ նշված ավանդական դատողությունների հիմքում ընկած իրական պատկերը բացահայտելու համար: 2018թ. կայացած թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած ՀՀ կառավարությունը ձեռնարկատիրական գործունեությունն առանցքային է համարում կենսունակ մասնավոր հատված ունենալու համար և դիտարկում է այն որպես արագընթաց և համատարած տնտեսական զարգացման, նոր ներդրումների ներգրավման և արտադրողականության բարձրացման հիմնական խթան: Մրցունակ և նորարարական ՓՄՁ-ներին պետք է տրամադրվի հատուկ մեծածավալ աջակցություն, քանի որ դրանք կարևոր են COVID 19 համավարակի ավարտից հետո կայուն զարգացում ապահովելու և երկրում միջին խավի ձևավորման համար: Կառավարության կողմից մշակված զարգացման ծրագրի օրակարգում են նաև ձեռնարկատիրական մշակույթի հետագա զարգացումը և խթանումը, օրենսդրական և ինստիտուցիոնալ ավելի բարենպաստ համակարգերի ստեղծումը և ՓՄՁ-ների ներքին կարողությունների ընդլայնման աջակցությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, այն փաստը, որ բարձրակարգ և փաստական «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» (այսուհետ՝ GEM) ուսումնասիրության շրջանակները 2019թ. ընդլայնվեցին՝ ընդգրկելով նաև Հայաստանը, կարևոր է ձեռնարկատիրության էկոհամակարգի ներկա վիճակը հասկանալու, առկա խնդիրները բացահայտելու, նպատակային քաղաքականություն ու ռազմավարություն մշակելու և փոփոխությունների կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքների շարունակական մոնիթորինգ իրականացնելու համար: Հաջորդող էջերից կծանոթանաք Հայաստանի ազգային թիմի ենթադրություններին, որոնք արվել են նախքան COVID համավարակին նախորդող 2019թ. առաջին GEM ուսումնասիրությունն իրականացնելը: Այնուհետև ներկայացվում է երկրի ձեռնարկատիրության ոլորտի վերլուծությունը, ձեռներեցության սոցիալական և մշակութային հիմքերը, ձեռնարկատիրության մակարդակը, հայ ձեռնարկատերերի գործունեության դրդապատճառները, ձգտումները և մոտեցումները: Հարկ է նշել, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ձեռներեցության մակարդակը բարձր է, քանի որ յուրաքանչյուր հինգ չափահասներից մեկը զբաղվում է վաղ փուլում գտնվող ձեռներեցությամբ (գրավելով GEM-ում ներգրավված 50 երկրներից 7-րդ տեղը), իսկ բնակչության 28%-ը վարում է վաղ փուլում գտնվող կամ կայացած բիզնես (գրավելով GEM-ում ներգրավված 50 երկրներից 6-րդ տեղը): Դա որոշ չափով 2018թ. կայացած Թավշյա հեղափոխությունից հետո Կառավարության քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխությունների արդյունք է, քանի որ այդ փոփոխությունները բնակչության տարբեր հատվածների շրջանում ավելի մեծ լավատեսություն են սերմանել՝ կապված երկրի հետագա զարգացումների հետ: Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկավոր են որոշակի շտկումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրական կրթությունը, հետազոտությունների արդյունքների ներկայացումը, Կառավարության կողմից մշակվող ձեռնարկատիրական ծրագրերը և ձեռներեցության ֆինանսավորումը: Այս ոլորտները պետք է առավելագույնս բարելավվեն՝ երկրում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու համար: Մենք՝ «Ամերիա կառավարման խորհրդատվական ընկերության» թիմի անդամներս, անչափ հպարտ ենք GEM-ի ազգային թիմ հանդիսանալու համար: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելու այս հիանալի հնարավորությունը և հուսով ենք, որ կշարունակենք իրականացնել այս կարևոր տնտեսական, ազգային և գիտական հետազոտությունները: 2020թ. GEM իրականացումը շատ ավելի կարևոր ենք համարում` հաշվի առնելով COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը տնտեսության և ձեռներեցության վրա: