Տարիներ շարունակ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներից մեկը։ Հաճախ նշվում է, որ ՏՀՏ-ն հանդիսանում է տնտեսության ամենաարագ աճ ունեցող ոլորտը։
Տնտեսության ոլորտների արդյունավետության գնահատման ցուցանիշներից մեկն արտահանման ծավալն է և դրա կշիռը ամբողջ արտահանման մեջ։ ՏՀՏ արտահանման ծավալը կազմում է ՀՀ-ից ընդամենը արտահանման 5.5% (2018թ), ինչը 1.5 տոկոսային կետով ավելի բարձր է քան 2014թ․։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանից արտահանվել է $261 մլն-ի ՏՀՏ ծառայություն (2019թ, 2018թ՝ $252 մլն) և $7.5 մլն-ի ՏՀՏ ապրանք (2018թ), այսինքն կարելի է փաստել, որ ոլորտի արտահանման ահռելի մասը կազմում է ծառայությունը (97%)։ Untitled-1

Ըստ ԿԲ տվյալների, 2014-2019թթ ընթացքում ՏՀՏ ծառայությունների արտահանումը (ընթացիկ գներով) Հայաստանից աճել է ավելի քան 2 անգամ, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը կազմել է 15%:

Untitled-2

Հարկ է նշել, որ արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով Հայաստանը գերազանցում է նաև այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Հունաստանը և Թուրքիան, իսկ մեր տարածաշրջանում և՛ բացարձակ արժեքով, և՛ մասնաբաժնի մեծությամբ Հայաստանը գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին։

COVID-19 հնարավոր ազդեցությունը ՏՀՏ արտահանման վրա

Ճիշտ է, վերլուծության մեծ մասն իրականացվել է հիմնվելով մինչ այժմ հրապարակված ցուցանիշների վրա, սակայն պետք է նշել, որ 2020 թվականին ի հայտ եկած Կորոնավիրուսի (COVID-19) համաշխարհային տարածման պայմաններում ՏՀՏ ոլորտում ևս զգալի փոփոխություններ են սպասվում:
Չնայած այս ոլորտը ևս չի կարող շրջանցել 2020-ին սպասվող տնտեսական անկումը և շրջանառության ծավալների նվազումը, սակայն COVID-19-ը այս ոլորտի համար, թերևս, զարգացման նոր ավելի լայն հնարավորություններ է բացում: Հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունները հիմնականում արտահանվում են, կարելի է կանխատեսել, որ ի տարբերություն այլ ոլորտների, այս ոլորտի արտահանումը չի ունենա մեծ անկում և, թերևս, ՏՀՏ կլինի այն եզակի ոլորտներից, որը կարձանագրի արտահանման աճ 2020թ ընթացքում, քանի որ չունի խոչընդոտներ արտադրանքի արտահանման համար։

Ծանուցում։ Վերլուծության արդյունքները հիմնված են Ամերիա ՓԲԸ-ի կողմից «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը նախաձեռնված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2019» հաշվետվության վրա։ Հաշվետվության նպատակն է բացահայտել Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընթացիկ իրավիճակը, մարտահրավերները, մրցունակությունը, գործարար միջավայրի գրավչությունը, ոլորտի աջակցության միջազգային փորձը, հայաստանյան ՓՄՁ-ներում ՏՀՏ ներդրման ընթացիկ վիճակը, հեռանկարները և տնային տնտեսությունների կողմից ՏՀՏ օգտագործումը։ Հետազոտությունն իրականացվել է՝ համադրելով թե՛ առաջնային, թե՛ երկրորդային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։ Հետազոտության շրջանակում նաև կազմակերպվել են անհատական հանդիպումներ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական շուկայի խոշոր խաղացողների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող բազմաթիվ թեմաներ, ներառյալ` ոլորտի ներկա վիճակը և սպասումները, հնարավոր տեխնոլոգիական փոփոխությունները, անհրաժեշտ ներդրումներ և այլն:

 

Untitled-3

Հաշվի առնելով, որ ՏՀՏ ծառայությունների մասնաբաժինը ընդհանուր արտահանման կառուցվածքում դիտարկվող ժամանակաշրջանում աճել է (բացառությամբ 2019թ․), կարող ենք պնդել, որ ՏՀՏ ծառայությունների արտահանումը ընդհանուր արտահանման համեմատ աճել է առաջանցիկ տեմպերով։ Այլ կերպ ասած, այս ոլորտի արտահանումը ավելի արագ է աճել քան տնտեսության այլ ոլորտների արտահանումը։

Պաշտոնական տվյալների հիման վրա իրականացնելով միջազգային համեմատականներ՝ կարող ենք ասել, որ ՏՀՏ ապրանքների և ծառայությունների արտահանման գծով Հայաստանը բացարձակ մեծությամբ գերազանցում է ԵԱՏՄ երկրներից Ղազախստանին և Ղրղզստանին, իսկ արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով նաև Բելառուսին և Ռուսաստանին։