Այս աշխատանքը երկրորդն է Ամերիա ՓԲԸ կողմից տեղեկատվություն ստանալու ուղիների և հաղորդակցման միջոցների վերլուծության շարքում: Առաջին նմանատիպ հետազոտությունն իրականացվել է 2013 թվականին (Երևան, Վանաձոր, Դիլիջան քաղաքներում):
Աշխատանքը հիմնված է ինչպես երկրորդային տվյալների (առկա հրապարակումներ եւ հետազոտություններ, վիճակագրության), այնպես էլ առաջնային տվյալների՝ Ամերիա ՓԲԸ կողմից նախաձեռնած հարցումների արդյունքների վրա, որոնց դաշտային աշխատանքներն իրականացվել են 2019թ. հուլիս-օգոստոս ամիսներին, «Մեդիա մոդել» ընկերությունը կողմից ՀՀ 5 խոշոր քաղաքների 1000 բնակիչների շրջանում:
Հարցումն անցկացվել է հետևյալ քաղաքներում`
- Երևան (առկա էր նաև 2013թ. հետազոտությունում)
- Գյումրի
- Վանաձոր (առկա էր նաև 2013թ. հետազոտությունում)
- Վաղարշապատ
- Աբովյան
Հարցման ընտրանքը կազմվել է Ամերիա խորհրդատվական ընկերության կողմից` հիմք ընդունելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի (Արմստատ) կողմից հրապարակվող ժողովրդագրական ցուցանիշները:
Հարցման ընտրանքը կառուցվել է նախապես սահմանված սեռատարիքային քվոտաների հիման վրա: Բացի այդ, ամբողջական ներկայացուցչականություն ապահովելու նպատակով հետազոտության մեջ ներկայացված արդյունքները կշռվել են ըստ սեռի, ըստ տարիքի և ըստ քաղաքների:
Հարցման թիրախային բնակչություն սահմանումը և հարցաշարը մշակվել են հիմնական պատվիրատուի հետ միասին:
Որպես թիրախային բնակչություն դիտարկվել են նշված քաղաքների 18-65 տարիքի, ամսական 50,000 դրամ և ավել եկամուտ ունեցողները, որոնց ընդհանուր թիվը նշված քաղաքներում կազմում է մոտ 450 հազար մարդ:
Հարցման արդյունքները հիմնականում ներկայացվում են ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ թիրախային բնակչության կտրվածքով: Հարցման արդյունքները վերլուծվել են նաև մի քանի այլ տարբեր խմբավորումներով, որոնց մանրամասները (նկարագրերը) ներկայացված են Հավելվածում: Ընդ որում, եթե այս մասով հատուկ նշում չկա առանձին ներկայացվող ցուցանիշների համար, ապա այդ արդյունքները վերաբերում են թիրախային բնակչությանը: Մնացած բոլոր խմբավորումների համար ցուցանիշները հատուկ նշված են նյութում:
Առանձնակի ուշադրություն է դարձվել թիրախային բնակչության բանկերի հետ համագործակցության ուղիներին:
Իրականացված հարցման ընդհանուր արդյունքները 95% վստահության միջակայքում ապահովում են մինչև 3.2 տոկոսային կետի հնարավոր թույլատրելի շեղում, սակայն ըստ առանձին քաղաքների, տարիքի և այլ խմբերով ներկայացված ցուցանիշները ավելի մեծ ընտրանքային թույլատրելի շեղում ունեն: