Տևողությունը (ամիսներով).  3 ամիս

Ծրագրի նկարագրություն.

Հատուկ ուշադրություն դարձնելով տուրիստական ոլորտում առկա առաջարկների հնարավոր ընդլայնման և դիվերսիֆիկացման վրա, իրագործելիության ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է ձմեռային զբոսաշրջության զարգացման գծով Շիրակի մարզի ներուժի խորացված վերլուծություն: Իրականացվել է զբոսաշրջության ոլորտում առկա ընդհանուր միտումների, շուկայի ներուժի և զարգացումների, տեղական, տարածաշրջանային և միջազգային մրցակցության, առկա զբոսաշրջային օբյեկտների և առաջարկների, տարածաշրջանային և ազգային զարգացման ռազմավարությունների, ծրագրերի և նախաձեռնությունների, տարածաշրջանային պետական և մասնավոր զարգացման և ներդրումային ծրագրերի, տեղական և տարածաշրջանային աշխատաշուկաների, իրավական դաշտի, ոլորտի համակարգման և ընդհանուր հասանելիության վերլուծություն: Հիմք ընդունելով վերլուծության արդյունքները, հաշվետվության մեջ ներկայացվել են առաջարկներ` ձմեռային զբոսաշրջության տեսակի և Շիրակի մարզում այն զարգացնելու եղանակների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում Ամերիան հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել ոլորտի շահագրգիռ կողմերի հետ կենտրոնական և տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաև այցելել է Շիրակի մարզում գտնվող համապատասխան օբյեկտներ` անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու նպատակով: Հավաքագրված տեղեկատվությունը վերաբերում էր, մասնավորապես, Շիրակի մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումներին և ներուժին, առաջարկվող ծառայություններին, ծագման շուկաներին և տարածաշրջանների ռազմավարական դիրքավորմանը: Վերլուծվել են նաև ձմեռային զբոսաշրջությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների հիմնական խմբերն ու առանձնահատկությունները: Բացի այդ, տարածաշրջանի մրցակցային դիրքը գնահատելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային և ներքին մրցակցությունը: Ծրագրի վերաբերյալ կազմված վերջնական հաշվետվությունն անդրադարձել է այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են պահանջվող ներդրումները և ձմեռային զբոսաշրջության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի ավարտին կազմակերպվեց հատուկ սեմինար` ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու նպատակով: