Ըստ ՀՀ ՎԿ տվյալների` 2020թ. ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսական միավորների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 8000-ով` բացառապես գերփոքր ու փոքր տնտեսական միավորների հաշվին: Նշված միավորների աճը (10.8%), սակայն, չի նպաստել ավելացված արժեքի ստեղծմանը. դրանց կողմից գեներացվող ավելացված արժեքը նվազել է 8.3%-ով: Պետք է նկատել, որ գերփոքր ու փոքր տնտեսական միավորների աճն ապահովվել է վարձու աշխատող չունեցող տնտեսական միավորների հաշվին (31.3%): «Միջին» տնտեսական միավորների թվի մասով, սակայն, գրանցվել է 6.5% նվազում, մինչդեռ դրանց կող մից ապահովվող ավելացված արժեքի աճը դրական է (2.7%): Մյուս կողմից, որոշակի աճ է գրանցվել խոշոր տնտեսական միավորների կողմից ստեղծվող ավելացված արժեքի մասով (3.7%), թեև դրանց թիվը, 2019 թ. համեմատ, նույնպես նվազել է (2.2%-ով): ՀՀ-ում գործող տնտեսական միավորների և դրանց կողմից գեներացված ավելացված արժեքի աճի դիտարկումը հատկանշական է, քանի որ գերփոքր ու փոքր տնտեսական միավորների կողմից ապահովվում է 2020թ. ավելացված արժեքի 42.2%-ը, միջին տնտեսական միավորների կողմից` 21.3%-ը, իսկ խոշոր տնտեսական միավորների կողմից` 36.5%-ը: Ամենամեծ ավելացված արժեքը 2020 թ.-ին ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում (ավելացված արժեքի 26.8% աճ):

Ճգնաժամային տարում նման զարգացումների և մասնավորապես գերփոքր տնտեսական միավորների աճի հավանական բացատրություններից կարող են լինել.

  • թերևս որոշ տնտեսական միավորների դեպքում տեղի է ունեցել աշխատակիցների գրանցում որպես անհատ ձեռնարկատերեր` 5000 դրամ կենսաթոշակային պարտադիր վճարների իրականացման և վերջիններիս համար կենսաթոշակային ֆոնդի հնարավորությունից օգտվելու նախադրյալների ստեղծմամբ.
  • կորոնավիրուսային համավարակի պայմաններում պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով առանձին տնտեսվարողներ պետական ռեգիստրում ձեռք են բերել իրավաբանական անձի կարգավիճակ` ձևակերպվելով որպես անհատ ձեռնարկատեր: Այս փաստով կարող է բացատրվել նաև տնտեսության որոշ ճյուղերում գրանցված տնտեսական միավորների աճը (օր.` փոխադրումների ոլորտ).
  • առանձին տնտեսական միավորներ խուսափել են լուծարումից կամ գործունեության դադարեցումից` շարունակելով աշխատել լիազոր մարմնին 0-ական հաշվետվությունների ներկայացմամբ.
  • հանքարդյունաբերության ոլորտում ավելացված արժեքի աճը թերևս պայմանավորված է Թեղուտի 2020 թ. շահագործմամբ և 2020 թ. վերջից սկսված գների բարձրացմամբ

 

ՀՀ-ում գործող տնտեսական միավորների թվի փոփոխությունը 2019-2020թթ.` ըստ տնտեսական միավորների չափի

Աղբյուրը` ՀՀ ՎԿ

ՀՀ-ում գործող տնտեսական միավորների կողմից ստեղծված ավելացված արժեքը (մլրդ.) 2019-2020 թթ.

Աղբյուրը` ՀՀ ՎԿ