Չնայած 2016-2018թթ-ի ընթացքում Հայաստանի պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, անգլ․՝ STEM) մասնագիտություններում ներգրավված ուսանողների ընդհանուր քանակի աճին, մագիստրատուրայում ուսանողների քանակը նվազել է 16%-ով (բակալավրիատում աճել է 6.2%-ով)։
Դա կարող է վկայել այն մասին, որ ուսանողները ԳՏՃՄ 2-րդ աստիճանի կրթական ծրագրերի բովանդակությունից և որակից գոհ չեն կամ հավելյալ ֆորմալ կրթության կարիք չեն զգում և աշխատանքի շուկայում պահանջարկի առկայության պայմաններում նախընտրում են աշխատել և այդ կերպ մասնագիտորեն զարգանալ։
Հետաքրքրական է, որ չնայած ԳՏՃՄ մասնագիտությունների գծով տարեկան բուհ ավարտող ուսանողների մեծ թվի (2.5-3 հազար), գործատուները չեն կարողանում համալրել թափուր հաստիքները որակավորված մասնագետների բացակայության պատճառով, ինչը նմանվում է կառուցվածքային գործազրկության: Ընդ որում, գործատուների հիմնական դժգոհությունները վերաբերում են խորը ակադեմիական գիտելիքների պակասությանը։
COVID-19-ը ազդեցություն ունեցավ նաև բարձրագույն կրթության կազմակերպման, մասնավորապես առցանց ուսուցման ներդրման վրա: Ներկայում ՀՀ բոլոր բուհերը անցել են հեռավար կրթության` ունենալով միջինում 70% դասերին մասնակցություն, այդպիսով ապահովել կրթության շարունակականությունը: Այս փորձը հնարավորություն կտա բուհերին գնահատելու առցանց ուսուցման կազմակերպման իրենց ինստիտուցիոնալ կարողությունները հետագայում դա կիրառելու համար: Միևնույն ժամանակ, հեռավար կրթության ներդրումը ժամանակի ընթացքում կբերի կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, քանի որ ուսանողը հնարավորություն է ստանում ընտրել նաև միջազգային հարթակներում հասանելի կրթական ծրագրերից։

mas-5-stem