Վերջին տարիներին շատ է խոսվում բնակարանային շինարարության ակտիվացման մասին և շինարարության դերի ՀՆԱ-ում բարձրացման մասին։ Սակայն, ուսումնասիրելով 2008-2019թթ. ՀՆԱ-ի կառուցվածքը, նկատելի է շինարարության դերի հետզհետե նվազում։ Ճիշտ է, որոշակի փոքր աճ նկատելի է շինարարության ավելացված արժեքի ծավալներում, օրինակ 2015-ին, 2017-ին, 2019-ին, սակայն այդ աճը զիջում է ՀՆԱ-ի աճին, ուստի և շինարարության կշիռը շարունակում է նվազել։ Մինչ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանում շինարարությունն ուներ չափազանց մեծ կշիռ ՀՆԱ-ում։ Նման կենտրոնացումը, ի դեպ, հենց պայմանավորեց 2009-ին ՀՆԱ-ի կտրուկ անկումը։
2020-ին համավարակով պայմանավորված անկում են գրանցում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, սակայն հատկապես շատ է խոսվում շինարարության անկման մասին։ Գծանկար 1-ին նայելիս` կարելի է ենթադրել, որ շինարարության դերը գերագնահատվում է, սակայն նայենք տվյալներին։
Նախ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչպես է սահմանվում շինարարության ճյուղը տնտեսությունում և ինչպես է այն հաշվարկվում ՀՆԱ-ում։
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) պարբերաբար հրապարակում է երկու ցուցանիշ. առաջինը՝ շինարարության ծավալն է, երկրորդը (որին շատերը մեծ ուշադրություն չեն դարձնում)՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալն է։ Հենց սկզբից նշենք, որ ՀՆԱ-ում ներկայացված շինարարության ճյուղն ավելի շուտ արտացոլում է շինմոնտաժային աշխատանքների ծավալը (լրահաշվարկված չդիտարկվող տնտեսության գնահատականներով), քան թե շինարարության ծավալը։ Բացատրությունն այս ցուցանիշների սահմանումների մեջ է։ Այսպես, ըստ ՀՀ ՎԿ օգտագործվող սահմանումների Շինարարության ծավալում ընդգրկվում են
- (1) բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, առևտուր և այլ) իրականացված շինմոնտաժային` նոր շինարարության, գործող շենքերի և շինությունների վերակառուցման, ընդլայնման և տեխնիկական վերազինման, ամրացման, վերանորոգման և տարբեր տեսակի սարքավորանքների տեղադրման աշխատանքների արժեքները, ինչպես նաև
- (2) սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերը
- (3) և այլ շինարարական աշխատանքները։
ՀՆԱ-ի տեսանկյունից սարքավորանքի և գույքի ձեռք բերումը շատ դեպքերում արդեն իսկ ներառված է առևտրի կամ արդյունաբերության ծավալներում, ուստի շինարարության ճյուղը շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված ավելացված արժեքն է։
ՀՆԱ-ում հաշվառման տեսանկյունից շինարարության ճյուղի մյուս կարևոր տարբերությունն այլ ճյուղերից այն է, որ շինարարության թողարկումը հաշվառվում է, ոչ թե վերջնական արտադրանքի թողարկումից հետո, այլ թողարկման ընթացքում։ Սա պայմանավորված է ճյուղի առանձնահատկություններով և ՀՆԱ-ի հաշվառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներով[1]: Երկարաժամկետ արտադրական գործընթաց (ինչպես շինարարությունն է) ունեցող ոլորտներում կիրառվում է Work-in-progress սկզբունքը, երբ նախապես գնահատված թողարկման արժեքը հաշվառվում է ընթացիկ եռամսյակների կամ ամիսների ընթացքում։ Շինարարության վերջնական արդյունքը հաճախ շենքն է, որի կառուցումը կարող է տևել մի քանի տարի, իսկ ՀՆԱ-ի հաշվառման ժամանակահատվածը ավելի կարճ է՝ սովորաբար տարին և եռամսյակը։ Քանի որ, բոլոր ժամանակահատվածներում ՀՆԱ-ի ծավալը նույնը պիտի լինի 3 եղանակներով (արտադրական, ծախսային, եկամտային) հաշվառելու դեպքում, հարկավոր է, որ միևնույն ժամանակահատվածի բոլոր հաշվարկները համահունչ լինեն։ Այլապես, օրինակ, շինարարությունում աշխատողների ստացված եկամտի մասը, ինչպես նաև դրա հիման վրա կատարվող ծախսերի մասը չի արտացոլվի արտադրական եղանակով հաշվարկվող ՀՆԱ-ում, ուստի ՀՆԱ-ի 3 եղանակով կատարված հաշվարկներում շեղումներ կլինեն։
Հիմա նայենք 2020 թվականի առաջին երկու եռամսյակի ՀՆԱ-ին և շինմոնտաժային աշխատանքների ամսական ծավալներին։
2020 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ի ծավալը նվազել է 5.7%-ով։ Ընդ որում, առաջին եռամսյակում 3.9% աճ էր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 13.7% անկում։ Ինչպես կարելի է նկատել Գծանկար 2-ից շինարարությունն առավել մեծ բացասական նպաստումն է ունեցել ՀՆԱ-ի աճին (նվազմանը)։ Այսպես, 5.7% անկման 1.5 տոկոսային կետը հենց շինարարության հաշվին է տեղի ունեցել։ Ընդ որում, շինարարությունն ամենամեծ անկում ունեցած ճյուղը չէ։ Հաշվի առնելով շինարարության մի փոքր ավելի մեծ կշիռը ՀՆԱ-ում երրորդ և չորրորդ եռամսյակներում, իսկապես, շինարարության դերը կարևոր է տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշի համար։ Այն, իհարկե, ամենակարևորը չէ (գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում տարվա 2-րդ եռամսյակում 2 անգամ ավելի մեծ է, քան շինարարությանը)։
Ինչպես կարելի է նկատել Գծանկար 3-ից առավել մեծ անկումը գրանցվել է 2020թ. ապրիլին, երբ շինարարական աշխատանքների ծավալը նվազել է մոտ 56%-ով նախորդ տարվա ապրիլի նկատմամբ։ Սա իհարկե առավելապես պայմանավորված է ապրիլին գործունեության սահմանափակումներով։ Հատկանշական է, որ ապրիլից հետո ամսեամիս շինարարության տեմպերը նախորդ տարվա համեմատ բարելավվում են, չնայած դեռևս մնալով բացասական։ Չնայած յոթ ամսվա կուտակային ծավալը դեռևս 21.7%-ով ավելի ցածր է, քան 2019-ի ծավալը, սակայն, հաշվի առնելով ամսեամիս աճի բարելավումները՝ հարկ է սպասել տարեկան ավելի լավ ցուցանիշի։ Սակայն այստեղ, մեկ եթե կա։ Ինչպես կարելի է նկատել, Գծանկար 3-ից, 2019 թվականին կտրուկ աճել են դեկտեմբերին շինարարական աշխատանքների ծավալները։ Նման կտրուկ աճը պետական կապիտալ ծախսերի իրականացման հետևանք է եղել։ Այսպես 2019-ին պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերի կեսից ավելին իրականացվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Այսպիսով, եթե 2020-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերն իրականացվեն, ապա միանշանակ, շինարարության ոլորտի անկումը բավական փոքր կարող է լինել, ինչը նաև դրական կազդի ՀՆԱ-ի տեմպի վրա։ Այլապես, մեծ ռիսկ կա, որ ինչպես շինարարության, այնպես էլ ՀՆԱ-ի անկումը տարվա վերջում կարող է կտրուկ խորանալ (հաշվի առնելով անցած տարվա դեկտեմբերի բարձր ծավալները)։
[1] Ազգային հաշիվների համակարգ 2008/ System of National Accounts 2008