Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մեկնարկել է «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում:

«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղական աղքատության նվազմանը` մասնավորապես պտղի և ընկուզապտուղների կայուն արտադրությունը խթանելու միջոցով:

            Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել Հայաստանում աճող և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող շուրջ 7 պտղի և ընկուզեղենի տեսականի և մշակել դրանց արտադրության խթանմանն ուղղված համապատասխան վարկային պրոդուկտ: Թիրախավորված վարկային պրոդուկտը հնարավորություն կտա գյուղական մանրածավալ արտադրող ֆերմերներին նպաստավոր պայմաններով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից:

Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհդատու Արման Փորսուղյանը նշում է. «Մրգերի արտադրությամբ զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, այն մեծ մասնաբաժին ունի նաև հանրապետությունից արտահանվող մթերքի շարքում: Կարելի է փաստել, որ թե’ տեղական, թե’ միջազգային շուկայում մրգերի և ընկուզեղենի չբավարարված հզոր պահանջարկ կա: Նախագիծը կարող է էապես նպաստել գյուղական տնտեսության զարգացմանը և, ինչու ոչ, Հայաստանում ավելացնել մրցունակ և կայուն ֆերմերային տնտեսությունների քանակը»:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45 տոկոսը: Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70 տոկոսը փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք:

«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիս ամսին: