Մարտի 4-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում մեկնարկեց «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով երկօրյա սեմինար:  Այն «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում է, որն իրականացվում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության և  շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության կողմից:

Բացման խոսքով հանդես եկավ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:  Բանախոսեցին ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովը, փորձագետներ  Օլաֆուր Վալսոնը և Ծովինար Մելքոմյանը:

Սեմինարը նպատակ ունի ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները` ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը և հետագա գործողությունները, ինչպես նաև առկա առաջնային սննդային ծագման հիվանդությունները, դրանց  վերահսկման համակարգի ստեղծման հնարավորությունները, ոլորտում առկա ռիսկերը, դրանց բացահայտման և վերլուծության մեխանիզմները:

Երկօրյա սեմինարի ընթացքում  կիրականացվեն համապատասխան պարապմունքներ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ինչպես նաև սննդային ծագման հիվանդությունների ոլորտում ներգրավված այլ աշխատողների համար:

Նշենք, որ «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին և նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը: