Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մեկնարկել է «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում փոքր այգեգործության զարգացմանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն ` նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում:

«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղական աղքատության նվազմանը` մասնավորապես պտղի և ընկուզապտուղների կայուն արտադրությունը խթանելու միջոցով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել Հայաստանում աճող և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող շուրջ 7 պտղի և ընկուզեղենի տեսականի և մշակել դրանց արտադրության խթանմանն ուղղված համապատասխան վարկային պրոդուկտ:

Թիրախավորված վարկային պրոդուկտը հնարավորություն կտա գյուղական մանրածավալ արտադրող ֆերմերներին նպաստավոր պայմաններով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից:

«Մրգերի արտադրությամբ զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, այն մեծ մասնաբաժին ունի նաև հանրապետությունից արտահանվող մթերքի շարքում», – ասել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհդատու Արման Փորսուղյանը։

Նա նաև նշել է, որ թե’ տեղական, թե’ միջազգային շուկայում մրգերի և ընկուզեղենի չբավարարված հզոր պահանջարկ կա: «Նախագիծը կարող է էապես նպաստել գյուղական տնտեսության զարգացմանը և, ինչու ոչ, Հայաստանում ավելացնել մրցունակ և կայուն ֆերմերային տնտեսությունների քանակը», – ավելացրել է նա։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45 տոկոսը։

Միևնույն ժամանակ Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70 տոկոսը փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք):

«Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիս ամսին:

«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում։ «Ամերիա» ՓԲԸ-ի մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում։

Arka.am