Սույն թվականի ապրիլի 4-ին Երևանում իր աշխատանքները սկսեց Միջազգային խորհրդատվական միության (International Consulting Alliance-ICA) տարեկան համաժողովը, որի հյուրընկալող կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է: Միությունը, որը ստեղծվել է 2012թ-ին, աշխարհում առաջատար IBF խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ, միավորում է անկախ համախոհների, որոնք հանդես են գալիս զարգացող երկրներում բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը 2013թ-ից հանդիսանում է ICA-ի խորհրդի անդամ: Միության մի շարք ընկերությունների հետ Ամերիան իրականացրել է Հայաստանում էներգետիկայի և անտառտնտեսության ոլորտի կարևորագույն ծրագրեր:
Համաժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու աշխարհի շուրջ 30 երկրից, մասնավորապես Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Մադագասկարից, Կիպրոսից, Իտալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, ՌԴ-ից, Ուգանդայից, Զիմբաբվեից, Կիրգիզստանից, Չինաստանից, Մակեդոնիայից և մի շարք այլ երկրներից:
Եռօրյա համաժողովը հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման, աշխարհի տարբեր երկրներում նոր գործընկերական հարաբերությունների ստեղծման համար: Համաժողովի ժամանակ վերլուծվում են նախորդ տարվա համագործակցության արդյունքները, ներկայացվում են հաջողության առանձին պատմություններ, քննարկվում ապագայում համագործակցության հնարավորությունները:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ելույթներով հանդես եկան ICA-ի հիմնադիր, IBF ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: