Ժամանակը հաստատեց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ փորձագիտական կանխատեսումները

Պ-ն Ֆանյան, դեռևս 2014թ-ին Ամերիա խորհրդատվական ընկերությունը կատարել էր ՀՀ հեռահաղորդակցության շուկայի հետազոտություն` ներկայացնելով մի շարք հետաքրքիր փաստեր, կանխատեսումներ: Անցել է շուրջ 3 տարի, ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել այս տարիներին, կխնդրեինք մի քանի խոսքով ներկայացնել:

Թերևս բավականին բարդ խնդիր առաջադրեցիք, դժվար կլինի մի քանի խոսքով ներկայացնել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին երեք տարիներին ՀՀ հեռահաղորդակցության շուկայում: Ինչևէ, ես կփորձեմ զուգահեռներ տանել մեր հետազոտության արդյունքների և ընթացիկ զարգացումների միջև, ինչպես նաև անդրադառնալ ընդհանուր միտումներին և իրադարձություններին: Նախևառաջ, պետք է հիշեցնեմ, որ 2014թ-ի հետազոտության ընթացքում մենք այս ոլորտում առանձնացրել էինք երկու շուկա, որոնց համար աճի հստակ պոտենցիալ էինք կանխատեսել, դրանք վճարովի հեռուստատեսության (մասնավորապես` մալուխային հեռուստատեսության) և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկաներն էին: Եվ այսօր փաստացի տվյալները վկայում են, որ մեր կանխատեսումներն իրականացան, այսպես` 2013թ-ի համեմատ 2016թ-ին մալուխային հեռուստատեսության շուկան դրամական արտահայտությամբ աճել է գրեթե 1.7 անգամ, իսկ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան` 8.4%-ով: Երկրորդ, 2014թ-ից սկսած ոլորտում արձանագրվել է հասույթի շարունակական անկում, ինչի արդյունքում 2016թ-ին 2013թ-ի համեմատ ոլորտի հասույթը կրճատվել է մոտ 17.7%-ով: Երրորդը, իհարկե չենք կարող շրջանցել, Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի ձեռքբերման փաստը: Իսկ չորրորդը, թերևս LTE ռադիոհասանելիության ցանցի մասսայական ներդրումն էր հանրապետությունում: Ներկայումս երեք խոշոր օպերատորներն էլ բավականին հավակնոտ նախաձեռնություններ ունեն այդ ուղղությամբ:

Քանի որ խոսք գնաց Յուքոմի կողմից Օրանժ Արմենիայի ձեռքբերման մասին, սպասաելի էր, արդյոք այն Ձեզ համար:

Երբ 2013թ-ին Յուքոմը, վճարելով 6.225 մլրդ դրամ, ստացել էր շարժական կապի ծառայությունների մատուցման արտոնագիր, մենք կարծում էինք, որ Յուքոմի համար լավագույն տարբերակը միջազգային բրենդով գործող MVNO-ի (Mobile Virtual Network Operator) հետ համագործակցելն է, որի դեպքում Յուքոմը կապահովի ենթակառուցվածք, իսկ MVNO-ն շուկայական առաջխաղացում և վաճառք: Սակայն հետագայում ընկերությունը, հավանաբար տեխնիկական և/կամ ֆինանսական պատճառներով, սեփական շարժական ինտերնետ ցանց չկառուցեց և նախընտրեց շուկայի շարժական կապի սեգմենտ մուտք գործել գործող օպերատորներից մեկին` Օրանժ Արմենիային ձեռք բերելով: Այդ տեսակետից տվյալ որոշումը մեզ համար անսպասելի էր, որովհետև ստացվում էր, որ արտոնագրի համար 6.225 մլրդ դրամը զուր է վճարվել: Ի դեպ, մինչ օրս մենք կարծում ենք, որ Յուքոմի համար լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել իր մանրածախ բիզնեսի համար միջազգային բրենդով գործող MVNO գործընկեր գտնելը:

Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ լարային և բջջային հեռախոսակապի շուկաները և առհասարակ հեռահաղորդակցության ոլորտի հասույթը վերջին երեք տարիներին անկում են ապրել, կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Ուսումնասիրելով վերջին 10 տարիների հեռահաղորդակցության ոլորտի հասույթի դինամիկան, պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, 2006-2013թթ-ի ընթացքում այն աճել է, իսկ 2014թ-ից սկսած անկում է ապրել, ընդ որում, բավականին արագ տեմպերով` 6.3% տարեկան: Ինչ վերաբերում է լարային և բջջային հեռախոսակապի շուկայի անկմանը, պետք է նշել, որ այն առավելապես պայմանավորված է ոլորտում փոխարինման էֆեկտի (substitution effect) առկայությամբ, երբ մարդիկ թանկ լարային և բջջային հեռախոսակապը փոխարինում են անհամեմատ մատչելի VoIP ծառայություններով, իսկ ավանդական sms հաղորդագրությունները` instant messaging-ով: Այսպես ասած, ավանդական խաղացողներն իրենց տեղը զիջում են OTT (over-the-top) խաղացողներին` Skype, Viber, Facetime, Messenger, WhatsApp, Snapchat և այլն, ինչի արդյունքում լարային և բջջային հեռախոսակապի մասնաբաժինը կրճատվում է, իսկ ինտերնետ հասանելիության ծառայությունների մասնաբաժինը` ավելանում: Համեմատության համար պետք է ասել, որ ոչ վաղ անցյալում` 2013թ-ին բջջային հեռախոսակապի ծառայություններն ապահովում էին ավելի քան 111 մլրդ դրամի հասույթ և 64% մասնաբաժին ունեին ոլորտի հասույթի կառուցվածքում, իսկ 2016թ-ին` համապատասխանաբար` 81 մլրդ դրամ և 57% մասնաբաժին: Այլ կերպ ասած, 3 տարվա ընթացքում բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկայի հասույթը կրճատվել է 27%-ով կամ 30 մլրդ դրամով, այն դեպքում երբ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայի հասույթն աճել է ընդամենը 8.4%-ով կամ մոտ 2.5 մլրդ դրամով: Հենց այսպիսի միտումներով է պայմանավորված ոլորտի ընդհանուր հասույթի կրճատումը և կառուցվածքի փոփոխությունը:

Դուք նշեցիք, որ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններն իրենց տեղը զիջում են ОТТ ծառայություններին: Օրեր առաջ, մեր առաջատար օպերատորներից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Skype-ը, Viber-ը և նմանատիպ այլ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որևէ եկամուտ բերելով պետությանը կամ օպերատորին, որը կհանգեցնի օպերատորների եկամուտների խիստ նվազմանը, հետևաբար նաև ներդրումների կրճատմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Հասկացա, որ հայտարարությունը նկատի ունեք: Իսկապես, 2016թ-ը բավականին վատ տարի է եղել հեռահաղորդակցության ոլորտի համար: Միայն մի փաստ նշեմ` 2016թ-ին այս ոլորտում արձանագրվել է հասույթի ամենացածր ցուցանիշը`143 մլրդ դրամ վերջին 10 տարիների ընթացքում, ինչի պատճառների մասին ես արդեն նշել եմ: Բայց այդ միտումները, ես նկատի ունեմ ОТТ-ի ծառայությունների էքսպանսիան ու լարային և բջջային հեռախոսակապի ծառայությունների հասույթի անկումը, գլոբալ միտում են, այնպես չէ, որ դրանք դիտվում են միայն մեր երկրում: Այսօր, աշխարհով մեկ բոլոր օպերատորները ստիպված են դիմակայելու կործանարար մրցակցությանը (disruptive competition), երբ շուկայի խաղացողները կամ նորեկները հանդես են գալիս նոր բիզնես մոդելների, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկներով: Ավելին, սա միայն այս ոլորտի խնդիրը չէ, աշխարհով մեկ նույնատիպ գործընթաց ընթանում է և’ հյուրանոցային ոլորտում, և’ տաքսի ծառայությունների ոլորտում, նույնիսկ ֆինանսական ոլորտն անմասն չի մնացել: Թեկուզ հենց մեր իրականության մեջ` Airbnb-ը մրցում է Marriott-ի ու Radisson-ի հետ, ggtaxi-ին ու Yandex Taxi-ն` տաքսի ծառայությունների ու նույնիսկ երթուղային տաքսիների հետ: Հետևաբար, ինչպես աշխարհում, մեզ մոտ ևս, հեռահաղորդակցության օպերատորները պետք է զարգացման նոր ուղղություններ դիտարկեն, նոր բիզնես մոդելներ որդեգրեն, վերանայեն իրենց մարքեթինգային ռազմավարությունները, ինչն արդեն իսկ որոշակիորեն նկատելի է նաև մեր շուկայում:

Իսկ ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը, ինչպե՞ս են դրսում հեռահաղորդակցության օպերատորները դիմակայում նմանատիպ մրցակցությանը: Արդյոք Ամերիան ունի համապատասխան առաջարկներ մեր օպերատորներին:

Միջոցների ընտրանին բավականին լայն է` սկսած նրանից, որ որակապես նոր ծառայություններ են ներդնում` համագործակցելով այլ ոլորտների հետ, վերջացրած նրանով, որ բիզնեսի զարգացման նոր ուղղություններ են ընտրում: Օրինակ, Orange-ը Ֆրանսիայում ներդրել է ծառայություններ, որով բժիշկները հնարավորություն են ստանում հեռահար հետևելու իրենց հիվանդների առողջական վիճակին և խորհրդատվություն տալու, կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք արդեն, այսպես կոչված, IoT-երի հետ (Internet of things): Բիզնեսի զարգացման նոր ուղղություն ընտրելու լավագույն օրինակներից է թերևս քենիական օպերատոր Safaricom-ի փորձը, որը Vodafone-ի աջակցությամբ, արդեն 10 տարի մեծ հաջողությամբ շահագործում է M-Pesa դրամական փոխանցումների համակարգը` սպասարկելով միլիոնավոր unbankable մարդկանց (խմբ.` մարդիկ, ովքեր չունեն հասանելիություն բանկային ծառայություններին): Այս առումով պետք է ասել, որ մեր տեղական օպերատորներն էլ տարբեր քայլեր ձեռնարկում են, օրինակ, վերջերս ԱրմենԹելը հայտարարեց Հայաստանում բիզնես մոդելի վերափոխման մասին, որի արդյունքում ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կկատարվի թվային ծառայություններին, մասնավորապես, բջջային ինտերնետ հարթակում հեռուստատեսային, ֆինանսական ծառայությունների մատուցում և այլն: Դրանից առաջ, Viva Cell-MTS-ի դուստր MobiDram-ը հայտարարել էր SEF International-ի հետ միկրոֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին, իսկ Ucom-ը` Upay վիրտուալ դրամապանակի գործարկման մասին:
Ինչ վերաբերում է մեր առաջարկներին, ապա դրանք կարող են լինել և’ ռազմավարական, և’ մարտավարական բնույթի: Օրինակ, ռազմավարական մակարդակում մենք տեսնում ենք մուլտիբրենդային վաճառքի և սպասարկման ցանց գործարկելու հնարավորություն, որը թույլ կտա հեռահաղորդակցության օպերատորներին զգալիորեն օպտիմալացնել իրենց ծախսերը` վարձակալության և աշխատակցիների վարձատրության գծով: Տվյալ ցանցը կարող է ստանձնել նաև պետական ծառայությունների մատուցման օպերատորի ֆունկցիաներ, որը լրացուցիչ շահույթ կապահովի: Բացի այդ, առաջարկում ենք դիտարկել միասնական տեխնիկական ենթակառուցվածքի ձևավորման հարցը, որը թույլ կտար էականորեն նվազեցնել ներդրումային ծախսերը, մանավանդ հիմա, երբ բոլոր օպերատորներն էլ ակտիվորեն ներդրումներ են կատարում նոր սերնդի ցանց ձևավորելու ուղղությամբ: Մարտավարական մակարդակում, մենք կառաջարկեինք վերանայել մարքեթինգային ռազմավարության տրամաբանությունը, նախևառաջ, մրցակից դիտարկելով ОТТ-ներին և քայլեր ձեռնարկել ներդնելու կամ ընդլայնելու այսպես կոչված self-care-ը, ավտոմատացնելու back office-ային գործառույթները, ներդնելու machine learning-ի վրա հիմնված տվյալների մշակումը և այլն:

Արդյոք Ձեր նշած առաջարկները բավարար են ոլորտում հասույթի անկումը կանխելու և ընկերությունների շահութաբերությունն ապահովելու համար:

Գիտեք, իմ թվարկած առաջարկներից յուրաքանչյուրի իրագործելիությունը հայաստանյան իրականության մեջ հասկանալու համար պետք է մանրամասն ուսումնասիրել բաժանորդների վարքագիծը, նախընտրությունները, օպերատորների ծախսերի կառուցվածքը, համապատասխան ֆինանսական մոդելներ կառուցել, ինչպես նաև համադրել այդ արդյունքները ոլորտի տեխնոլոգիական զարգացումների հետ: Բայց ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա: Առաջինը, այսօր տնտեսության տարբեր ոլորտների միջև սահմանները խիստ պայմանական բնույթ են ստացել, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները մտնում են ֆինանսական ոլորտ և հակառակը: Այո, այո, և’ հակառակը: Հեռու չգնանք, անցյալ տարի աշնանը Սբերբանկը հայտարարեց MVNO ստեղծելու մասին, հետևաբար ես կառաջարկեի հասույթի/շահույթի դինամիկան դիտարկել ոչ թե ոլորտի կտրվածքով, այլ ընկերության: Վերջին հաշվով, տնտեսվարողներին հետաքրքրում է թե ինչքան հասույթ/շահույթ են ստանում, անկախ նրանից թե դա ո՞ր ոլորտից է: Երկրորդ, երբ համեմատում ենք մեր օպերատորների շահութաբերության ցուցանիշները միջազգային օպերատորների համանման ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ մեր օպերատորների ցուցանիշները բարձր են, ինչն, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ, սակայն պետք չէ ակնկալել, որ դա երկար ժամանակ այդպես կպահպանվի, մանավանդ, որ սկսած 2010թ-ից աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների EBITDA-ն (խմբ.` շահույթը նախքան տոկոսային ծախսի, ամորտիզացիայի և շահութահարկի վճարումը) միջինում տարեկան կրճատվել է 6%-ով: Օրինակ, 2014 և 2015թթ-ի համար T-mobile-ի EBITDA մարժան եղել է համապատասխաաբար` 18% և 22%, MTS-ինը`44% և 40%, Vodafone-ինը`29% և 28% , Vimpelcom-ինը`40% և 39%, Verizon-ինը` 35% և 34%, իսկ Viva Cell-MTS-ի մոտ` 46% և 45%: Մեր կարծիքով, ընդհանուր առմամբ, Հայաստանում հեռահաղորդակցության օպերատորները շահութաբերության բարձր մակարդակը պահպանելու համար իրենց վեկտորը պետք է ուղղեն ծախսերի կրճատմանը:

Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ պետությունն այս հարցում:

Պետության միջամտությունը «ավանդական օպերատորներ-OTT խաղացողներ» պայքարին դրսևորվել է երկու ուղղությամբ` եղել են դեպքեր, երբ պետությունը, ի դեմս կարգավորողի, օժանդակել է ավանդական օպերատորներին, և ընդհակառակը, եղել են դեպքեր, երբ պետությունը սահմանել է, այսպես կոչված, «ցանցային չեզոքություն» (network neutrality): Օրինակ, 2012թ-ին Հարավային Կորեայի կարգավորողը թույլատրել էր տեղական օպերատորներին բլոկավորելու VoIP ծառայություններ տրամադրող հավելվածները` Skype, Google Voice և այլն, կամ գանձել հավելյալ վճարներ: Սակայն պետք է ասել, որ վերջին տարիներին «ցանցային չեզոքության» սկզբունքն ավելի մեծ տարածում է գտել: Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ և’ ինտերնետ հասանելիության ծառայություններ տրամադրողները, և’ պետական կարգավորողը պետք է ինտերնետ թրաֆիկը դիտարկեն հավասար, խտրականություն չդնեն կամ հավելյալ գումարներ չգանձեն` ելնելով բաժանորդից, կոնտենտից, վեբ կայքից, հավելվածից, պլատֆորմից, սարքից կամ կապի միջոցից: Այս սկզբունքի ներդրման առաջին քայլերից մեկը կատարվել է Հոլանդիայում 2012թ-ին, երբ օրենսդրական որոշմամբ սահմանվել էր, որ տեղական օպերատորներն իրավունք չունեն հավելյալ վճարներ գանձել բաժանորդներից VoIP ծառայություններից օգտվելու համար: Հետագայում այս հարցը տարբեր երկրներում հայտնվել է օրենսդրական կարգավորման դաշտում, նույնիսկ այս հարցին անդրադարձել է ԵՄ հանձնաժողովը` 2015թ-ին հրապարակելով ծավալուն զեկույց: Հաշվի առնելով, որ նախկինում պետության կողմից այս ոլորտում վարած անհեռատես քաղաքականության արդյունքում (ես նկատի ունեմ ԱրմենԹելին տրամադրված հայտնի լիցենզիան) երկիրը հայտնվել էր ոչ նախանձելի իրավիճակում, կարծում ենք, որ պետությունն այս անգամ պետք է «վիրահատական» միջամտությունից խուսափի և ոլորտի կարգավորումը թողնի շուկայական գործընթացներին, այսինքն` պետք է առաջնորդվի եվրոպական մոտեցմամբ: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում բնակչության 2/3-ից ավելին ունի արտասահմանում ապրող ընտանիքի անդամ կամ շատ մոտ ազգական (հայր, մայր, քույր և այլն), OTT-ների ծառայություններից օգտվելու համար լրացուցիչ վճարների գանձումը կառաջացնի լուրջ սոցիալական դժգոհություն: Բացասական ազդեցություն կլինի նաև Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: