Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը Ասիական Զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության գլխավորած միջազգային կոնսորցիումի աջակցությամբ, որի անդամ է նաև ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունը, նախաձեռնում են ներդրումային ֆորումի կազմակերպում: Այն տեղի կունենա Նյու-Յորքում, 2016թ. հոկտեմբերին: Ֆորումը նպատակ ունի զարգացող երկրներով հետաքրքրված  ներդրողներին ներկայացնել Հայաստանում զարգացման պոտենցիալ հնարավորություններ ունեցող տնտեսության ճյուղերը, վերլուծել ներդրումներ կատարելու հնարավորությունները և համապատասխան ներդրումային ծրագրերը:

Ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու և մեծ հնչեղություն ապահովելու համար առաջադրվելու են ներդրումային կոնկրետ ծրագրեր` հստակ առաջարկություններով:

Նախատեսվում է նաև կազմակերպչական գործընթացի վարման համար ներգրավել ԱՄՆ-ում նման միջոցառումներ իրականացնելու մեծ փորձ ունեցող ընկերություն:

Ներդրումային ֆորումին կմասնակցեն ներդրողներ տարբեր երկրներից, Սփյուռքից, ՀՀ պաշտոնատար անձինք, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների գործարարներ և այլ պատվավոր հյուրեր:

Ֆորումին կնախորդեն նախամեկնարկային շնորհանդեսները, որոնք կկազմակերպվեն համաշխարհային խոշոր ֆինանսական կենտրոններում (Փարիզ, Լոնդոն, Հոն-Կոնգ, Դուբայ, Մոսկվա, Լոս-Անջելես և այլն), անմիջականորեն տվյալ տարածաշրջանի ներդրողների համար` Հայաստանի  տնտեսության տարբեր ոլորտների մասով ներդրումային հնարավորությունները և  գործարար միջավայրը ներկայացնելու նպատակով:

«Ամերիա» ընկերությունների  խմբի  Զարգացման գծով տնօրեն,  «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց. «Ներդրումային այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ներկայացնելով Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրը` Ամերիան տրամադրելու է բազմաբնույթ տեղեկություններ և ամբողջական ու մասնագիտացված խորհրդատվություն օտարերկրյա ներդրողներին` Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարար ծրագրեր իրականացնելու համար: Ամերիան կօժանդակի նաև տեղի գործարարներին` ներդրումային ծրագրերը պատշաճ մակարդակով կազմելու և ներկայացնելու համար»:

Ներդրումային ֆորումը Հայաստանի համար լայն հնարավորություններ կստեղծի օտարերկրյա ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և նոր շուկաներ դուրս գալու համար: Այն մեծապես կնպաստի  աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և միջազգային շուկայից հավելյալ կապիտալի ներգրավմանը: