Մեր տարածաշրջանի վերջին երկու տարիների աշխարհաքաղաքական զարգացումները նոր օրակարգ են պարտադրում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաև` գործարար աշխարհին: Այդ զարգացումները հիմնականում ընթանում են երկու ուղղությամբ` մի կողմից Իրանը «բացվում» է օտարերկրյա ներդրողների համար, մյուս կողմից` Ռուսաստանը «հետևողականորեն» փոխում է ինտեգրացիայի արևմտյան վեկտորը արևելյանի:

Աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների համապատկերում Հայաստանը, ունենալով ընդգծված բարիդրացիական հարաբերություններ ինչպես ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ, այնպես էլ համեմատական տնտեսական առավելություններ այս երկրների նկատմամբ, վերածվում է մի այնպիսի ներդրումային օազիսի, որտեղ հաջողությամբ կարող են հանգրվանել Ռուսաստանի կամ Իրանի շուկաներ ներթափանցելու ցանկություն ունեցող օտարերկրյա ներդրողները: Բացի այդ, ինչու չէ նաև Հայաստանը կարող է ներդրումային տեսանկյունից հետաքրքիր լինել նաև այդ երկրներում արդեն իսկ գործող բիզնեսների համար, որոնք տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, կարող են որոշում կայացնել ապատեղակայելու բիզնեսը հարևան երկրներում:

Իհարկե, Հայաստանի` «կովկասյան Սինգապուր» դառնալու հեռանկարը այդքան միանշանակ չէ, երկրի ներդրումային միջավայրը և հարակից ենթակառուցվածքները պետք է դեռ բարելավել ձևավորված «ռազմավարական պատուհանից» հնարավորինս արդյունավետ օգտվելու համար: Բացի այդ, այս ոլորտում մենք ունենք մի շարք առաջնային և երկրորդական լուրջ մրցակիցներ, ընդ որում` որպես առաջնային մրցակից հանդես են գալիս Վրաստանը և Ադրբեջանը, որոնք վերջին ժամանակներս ակտիվ քայլեր են ձեռնարկում բարելավելու իրենց տնտեսական և քաղաքական հարաբերությունները թե’ Ռուսաստանի, թե’ Իրանի հետ: Այնուամենայնիվ, երբ համադրում ենք բոլոր գործոնները, պարզ է դառնում, որ ներկայումս Հայաստանն ունի որոշակի համեմատական առավելություններ, որոնք ագրեգացված ձևով արտահայտվում են ներդրումային միջավայրի դասակարգման միջազգային վարկանիշներում: Մասնավորապես, ըստ Համաշխարհային Բանկի Բիզնեսի վարման դյուրինության ինդեքսի, Հայաստանը 2016թ-ին աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը` տարածաշրջանում զիջելով միայն Վրաստանին (տես` գծանկար 1): Սակայն ինչպես հայտնի է, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները դեռևս աչքի են ընկնում սառնությամբ, իսկ Իրանի հետ հարաբերությունները բավականին զգուշավոր են, հետևաբար Հայաստանը դիտարկված երկրների շարքում, միանշանակ, համեմատական առավելություններ ունի Ռուսաստանի և Իրանի շուկա մուտք գործելու հարթակ ծառայելու տեսանկյունից:

Գծանկար 1. ՀՀ-ի և մի շարք այլ երկրների վարկանիշն ըստ ՀԲ բիզնեսի վարման դյուրինության ինդեքսի, 2016թ.

Haykaz_amcham_arm

ՀԲ, “Doing business – 2016”

Հայաստանի առավելություններից հիմնականը, իհարկե, հանդիսանում է բարենպաստ հարկային համակարգը: Մասնավորապես, ըստ PwC ընկերության կողմից հրապարակված “Paying Taxes 2016” զեկույցի, եթե ՌԴ-ում և Իրանում ընդհանուր հարկային դրույքաչափը (հարկային բեռը) կազմում է համապատասխանաբար 47% և 44.1%, ապա Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է  19.9%, Վրաստանում` 16.4%, իսկ Ադրբեջանում` 39.8%: Այս առումով Հայաստանի և Վրաստանի հնարավորություններն առավել մանրամասն դիտարկելիս պարզ է դառնում, որ Հայաստանում հարկային վարչարարության վրա ծախսվող միջին տարեկան ժամանակը մոտ 13%-ով ավելի քիչ է, քան Վրաստանում (313 և 362 ժամ): Բացի այդ, Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է միասնական տնտեսական գոտում` ԵՏՄ կազմում, հետևաբար միջպետական առևտուրն իրականացվում է առանց մաքսատուրքի, մինչդեռ Վրաստանի պարագայում գործում են ՌԴ ստանդարտ մաքսային դրույքաչափերը: Իրանի դեպքում թեև ո’չ Հայաստանը, ո’չ Վրաստանը չունեն առանձնահատուկ մաքսային արտոնություններ, սակայն Հայաստանն ունի առավել բարենպաստ տնտեսաաշխարհագրական դիրք, բացի այդ, կան որոշակի սպասումներ, որ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր կստորագրվի, որով կսահմանվեն փոխադարձ առևտրի առավել բարենպաստ պայմաններ:

Մյուս կարևորագույն պայմանը, անշուշտ, արտահանման ժամանակային և դրամական ծախսերն են, մասնավորապես ըստ ՀԲ-ի “Doing business – 2016” զեկույցի` Հայաստանը ակնհայտ առավելություններ ունի և’ Ադրբեջանի և’ Վրաստանի նկատմամբ:

Haykaz_amcham_2_arm

Աղյուսակ 1. Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից արտահանման դրամական  և ժամանակի ծախսերը, ՀԲ, 2016թ.

Տնտեսավարողները, որոնք գործում են Հայաստանում, արտահանման համար 12-14 անգամ ավելի պակաս ժամանակ և 3.9-4.5 անգամ ավելի քիչ դրամական ծախսեր են կատարում, քան Վրաստանի և Ադրբեջանի տնտեսավարողները: Երբ դիտարկում ենք այն հարցը, թե ինչ քայլեր են ձեռնարկում Վրաստանը և Ադրբեջանը ձևավորված «ռազմավարական պատուհան»-ից օգտվելու համար, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանը շահեկան դիրքերում չէ: Հատկապես վտանգավոր է «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» մոտեցումը, որը մենք տեսանք հարկային օրենսգրքի պարագայում (խոսքը վերաբերվում է մարտի 31-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագծին): Այսպիսի քայլերով մենք ոչ միայն նոր ներդրումներ չենք ներգրավի, այլև կառաջանա եղած օտարերկրյա ներդրումների արտահոսքի ռիսկ: Ինչ է նշանակում եկամտային հարկի դրույքաչափը բարձրացնել 26%-ից 28%, այն դեպքում, երբ մեր մրցակիցները` Վրաստանը և Ադրբեջանը, համանման աշխատավարձի դեպքում կիրառում են 20%[1] և 14%[2] դրույքաչափ: Այս «բարեփոխումների» շարքը կարելի է շարունակել` ավելացնելով շահաբաժինների հարկման, ամորտիզացիոն ժամկետների երկարացման նախաձեռնությունները, որոնք  ամենևին չեն վկայում մեր խոսքի և գործի համահունչ լինելու մասին:

Միևնույն ժամանակ օբյեկտիվ հարց է առաջանում` ինչ անել, որ օտարերկրյա ներդրողները նախընտրեն բիզնես ստեղծել Հայաստանում իրանական կամ ռուսական շուկաները սպասարկելու համար: Իհարկե, սա շատ ծավալուն հարց է և այս հոդվածում մենք չենք հավակնում հնչեցնել պատասխաններ, բայց կցանկանայինք կիսվել մեր պատկերացրած ճանապարհային քարտեզով:

Նախևառաջ, հարկ ենք համարում նշել, որ պետք է իրականացնել ՌԴ և Իրանի տնտեսությունների ուսումնասիրություն` պարզելու համար այն շուկաները, որոնք իրենց ծավալով կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Երկրորդ` ճյուղ առ ճյուղ իրականացնել համեմատական վերլուծություններ, ինչպես նաև բիզնեսի կարիքների վերլուծություն` որոշելու համար, թե այլ երկրների համեմատ Հայաստանում ընկերություններն ինչ խնդիրներ կունենան այդ ոլորտներում գործունեություն ծավալելու համար: Երրորդ` կազմել գործողությունների մանրամասն ծրագիր առկա թերությունները շտկելու համար: Չորրորդ` գրանցված դրական արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան գործարար շրջանակներին` իրականացնելով road show-ներ թիրախային ներդրողների համար:

Ամփոփելով պետք է նշել, որ մենք հեռու ենք այն մտքից, որ Հայաստանն իդեալական վայր է բիզնես սկսելու համար, սակայն իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ, երկիրն ունի նշանակալից համեմատական առավելություններ հարևանների նկատմամբ, որոնք էլ ավելի պետք է խորացվեն և ընդլայնվեն` պոտենցիալ ներդրողներ ներգրավելու համար: Մեր գնահատականներով երկիրն ունի ներուժ ներգրավելու տարեկան մոտ 800 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար ՕՈՒՆ-ներ:

AmCham ամսագիր

[1] http://investingeorgia.org/en/georgia/taxation

[2] Guide to doing business in Azerbaijan, EY, 2015