Քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է ներդնել քաղաքացիական ծառայողների հեռահար ուսուցման համակարգ: Այդ ուղղությամբ արդեն իսկ մեկնարկած աշխատանքներում ներգրավված է նաև «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը:
Քաղաքացիական ծառայության համակարգում հեռահար ուսուցման համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ զրուցեցինք «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ծրագրերի ավագ համակարգող Կարինե Նիկողոսյանի հետ:

– Նախ կցանկանայի իմանալ՝ խորհրդատվական ոլորտում ի՞նչ ուղղություններով է գործունեություն ծավալում «Ամերիա» ընկերությունը:

– Ամերիան սկսելով իր գործունեությունը դեռևս 1998թ-ից՝ կենտրոնացրել է երկու ուղղությունների՝ մասնավոր հատվածի (կորպորատիվ հաճախորդներ) և հանրային ոլորտի խորհրդատվության վրա։ Մեր կորպորատիվ հաճախորդներին խորհրդատվություն ենք տրամադրում ռազմավարության մշակման, գործառնական գործունեության կազմակերպման, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Պետք է նշեմ, որ հաջողվել է դառնալ վստահելի գործընկեր ինչպես մի շարք տեղական միջին և խոշոր ձեռնարկությունների, այնպես էլ բազմաթիվ օտարերկրյա ներդրողների համար, որոնք ցանկանում են մուտք գործել մեր շուկա:
Հանրային ոլորտում, որտեղ մեր հաճախորդներն են ինչպես պետական հիմնարկները, այնպես էլ միջազգային զարգացման կառույցները, Ամերիան տարբեր ծրագրեր է իրականացնում հանրային ֆինանսների կառավարման, դատական բարեփոխումների, սոցիալական բարեփոխումների, տնտեսական վերլուծությունների, ենթակառուցվածքային, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում և այլն։ Ուստի ամենևին պատահական չէ, որ քաղաքացիական ծառայության համակարգը ևս մեր հետաքրքրությունների շրջանակում է։ Ունենալով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտում իրականացրած ծրագրերի մեծ պորտֆել, մենք որոշեցինք մեր մասնագիտական ներգրավվածությունն ունենալ նաև այս ոլորտում:
Նշեմ, որ Ամերիան International Consulting Alliance-ի, և Եվրամիության շրջանակային համաձայնագրի կոնսորցիումի անդամ է, ինչը մեզ հնարավորություն է տվել ունենալ փորձագետների ծանրակշիռ բազա աշխարհի մի շարք երկրներից, որոնք մասնագիտացած են տարբեր ոլորտներում և կարող են ընդգրկվել մեր կողմից իրականացվող նախագծերում:

-Նախ ասեմ, որ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնել է պետական հատվածի մեծածավալ բարեփոխումներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, և դա ենթադրում էր ուսուցման գործընթացների սահմանում, հեռակա ուսուցման մոդուլի, այդ թվում՝ փորձնական ուսուցման ծրագրերի և համապատասխան ձեռնարկների ներդնում: Անցյալ տարի Ամերիան 3 միջազգային ընկերություններից (Institute of Public Administration (Իռլանդիա), Public Administration International Limited (Միացյալ Թագավորություն), EUROPE Ltd (Հունգարիա)) բաղկացած կոնսորցիումով մասնակցեց և հաղթող ճանաչվեց Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում՝ ստանձնելով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի արդիականացման այս ծրագրի իրագործումը, ինչը նպատակ ուներ նպաստել պետական մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման զարգացմանը՝ հեռահար ուսուցման և դրա համար անհրաժեշտ մոդուլների մշակման միջոցով։
Հեռահար ուսուցման կազմակերպման համար նախ պետք է մշակվեր վերապատրաստման յոթ մոդուլ, որոնք ընդգրկում են հետևյալ բաղադրիչները`«Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ և գնահա¬տում», «Կատարողականի կառավարում, ներառյալ կազմակերպական փոփո¬խությունների կառավարում», «Մարդկային ռեսուրսների կառա¬վարում», «Մասնագիտական բարեխղճությունը և էթիկան պետական կառավարման ոլորտում», «Ծառայությունների մատուցում և կառավարում, «Ծրագրերի կառավարում, «Տարածքային զարգացման ծրագրերի մշակման և կառավարման կարողությունների զարգացում», ինչպես նաև պետք է կազմվեր կառավարչական անհատական հմտությունների ուսումնական ձեռնարկ: Համագործակցելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ՝ մենք հաջողությամբ ավարտին հասցրեցինք այդ աշխատանքները:

– Դա ՀՀ ՔԾ խորհրդի հետ Ամերիայի համագործակցության առաջի՞ն փորձն էր, թե նախկինում ևս գործակցության ծրագրեր են եղել:

– Նախկինում ևս համագործակցել ենք Խորհրդի հետ։ 2009-2010թթ-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ ֆինանսների նախարարության հետ եռակողմ պայմանագրի հիման վրա իրականացրել ենք «ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ռազմավարության մշակում» ծրագիրը: Մենք այն իրականացրեցինք անգլիական «Breckenhill» ընկերության հետ համատեղ։ Այս ծրագիրը նպատակ ուներ զարգացնելու ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը` խորը և մանրամասն վերլուծության, հեռանկարային զարգացման ուղղությունների սահմանման, ռազմավարական խնդիրների լուծման մեխանիզմների ապահովման միջոցով:
Իսկ 2013թ-ին Ամերիան մասնակցել է քաղաքացիական ծառայողների հեռահար ուսուցման ծրագրային պլատֆորմի մշակման աշխատանքներին։ Ի դեպ, վերը նշված մոդուլները պետք է գործարկվեն հենց այդ պլատֆորմի միջոցով։
Նշեմ, որ հեռահար ուսուցման պլատֆորմ ենք մշակել ինչպես ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, այնպես էլ դատական դեպարտամենտի համար։ Այն ժամանակ անհրաժեշտ տեխնիկական կարողությունների բացակայության պատճառով հնարավոր չեղավ պլատֆորմը գործարկել և դրա հիման վրա սկսել վերապատրաստումները։ Սակայն Ամերիան պարտավորվել էր տեխնիկական միջոցների առկայության դեպքում տեղադրել ծրագիրը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում: Սույն ծրագրի շրջանակներում մենք դա իրականացրեցինք, որից հետո արդեն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում վերապատրաստում անցկացրեցինք և’ վերապատրաստողների, և գործընթացի պատասխանատուների համար:
Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քաղաքացիական ծառայության խորհրդին`ցուցաբերած աջակցության և սերտ համագործակցության համար, ինչը հնարավորություն ընձեռեց համատեղ ուժերով բարեհաջող ավարտին հասցնել ծրագիրը:

-Ներկայացրեք, խնդրեմ, հեռահար ուսուցման ծրագրային այդ պլատֆորմի առավելություններն ու շահագործման մեխանիզմները: Ինչո՞վ է այն ավելի գրավիչ ավանդական մեթոդներով իրականացվող վերապատրաստումներից:

– Պլատֆորմի հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս խնայել մասնակիցների ժամանակը, տրանսպորտային ծախսերը, ընտրել ուսուցման համար առավել հարմար ժամը, ինչպես նաև ապահովում է դասընթացների հասանելիություն հեռավոր մարզերի քաղաքացիական ծառայողների համար, որոնք նախկինում հասկանալի պատճառներով հնարավորություն չունեին մասնակցելու բոլոր դասընթացներին։ Բացի այդ, պլատֆորմն ապահովում է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին բնորոշ ինտերակտիվություն, ինչը շատ կարևոր է ուսումնական նյութի հաջող յուրացման համար։ Ավելին, նույնիսկ հնարավորություն է տալիս գնահատելու դասընթացը, դասընթացավարին և վերապատրաստվողներին (թեստի միջոցով) որի արդյունքները հետագայում կարող են օգտագործվել դասընթացներն ավելի նպատակային և արդյունավետ կազմակերպելու համար։
Իսկ շահագործումը կատարվում է հետևյալ կերպ՝ վերապատրաստող դասախոսները մուտք են գործում համակարգ և տեղադրում ուսումնական նյութերը, ընդ որում, դրանք կարող են լինել ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային և տեսաձայնային ձևաչափով։ Իրենց հերթին վերապատրաստվողները կարող են օնլայն ռեժիմով օրվա ցանկացած ժամի մուտք գործել համակարգ, օգտվել նյութերից, սովորել, անհրաժեշտության դեպքում թվային տեխնոլոգիաների միջոցով հարցեր ուղղել դասընթացավարին և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։
Ինչ վերաբերվում է վերապատրաստումների ավանդական մեթոդների հետ ունեցած առավելություններին, ապա առավելությունները միանշանակ ակնհայտ են, քանի որ վերապատրաստման ծրագրերը հասանելի են դառնում ցանկացած վայրից, ցանկացած ժամի, իսկ սա արդեն ապահովում է առավելագույն հարմարավետություն, ժամանակի խնայողություն:

– Հեռահար ուսուցումը քաղաքացիական ծառայողների համար նորություն է: Գործնականում որքանո՞վ է այն մատչելի քաղաքացիական ծառայողների և վերապատրաստողների համար:

– Իսկապես, Հայաստանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ոլորտում հեռահար ուսուցումը նորույթ է, և ներկայումս դրա ներդրման ուղղությամբ առաջին քայլերն են կատարվում։ Եվ դեռ ժամանակ է հարկավոր լուրջ փորձառություն ձեռք բերելու և օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։ Ծրագրի շրջանակներում մշակվել է հեռահար ուսուցման կարգ, որի հաստատումով կապահովվեն հեռահար ուսուցման անցկացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Պլատֆորմից օգտվելը հեշտացնելու համար մշակել ենք նաև հատուկ ձեռնարկ-ուղեցույց:
Չեմ բացառում, որ սկզբնական շրջանում այս պլատֆորմը կիրառելու հետ կապված դժվարություններ լինեն, բայց յուրաքանչյուր նորարարություն փորձություն է, որը պետք է հաղթահարել, հատկապես, որ ժամանակի պահանջներին համընթաց քայլելն այսօր պարզապես անհրաժեշտություն է։ Աշխարհում այս ուղղությամբ մեծ զարգացումներ են ընթանում: Միջազգային փորձն ուսումնասիրելով տեսնում ենք, որ օրինակ՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, որոնք ունեն քաղաքացիական ծառայության զարգացած համակարգեր, ծառայողների վերապատրաստումը շուրջ 90 %-ով անցկացվում են հեռահար եղանակով։ Եվ այս պրակտիկան կիրառվում է բոլոր զարգացած երկրներում։

– Որքանով տեղյակ եմ՝ ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել նաև վերապատրաստողների գնահատում: Որքանո՞վ է համակարգն ապահովում գնահատման անաչառությունը, տվյալների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, թեստային առաջադրանքները կատարելու վերահսկելիությունը:

– Չնայած պլատֆորմի հիմնական խնդիրը ուսուցումն է, սակայն մեր կողմից մշակված ծրագրերի կառավարման մոդուլը գնահատման բաղադրիչ ևս ունի։ Պլատֆորմը ինչպես թեստ ձևավորելու, այնպես էլ հարցերի արժեքները սահմանելու հնարավորություն է տալիս։ Թեստը հանձնելուց հետո համակարգն ըստ ճիշտ և սխալ պատասխանների հարաբերակցության` անմիջապես տալիս է գնահատականը։ Սա անհրաժեշտ է գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու համար։ Բայց քանի որ հեռահար ուսուցման համակարգը մեզ մոտ դեռ նոր է ներդրվում, գործընթացի վերահսկելիության ապահովման նպատակով գուցե գնահատման փուլն իրականացվի կենտրոնացված ձևով՝ ՀՀ ՔԾ խորհրդի կողմից, որպեսզի կազմակերպիչները համոզվեն, որ թեստերը հենց վերապատրաստված անձինք են լրացնում, այլ ոչ թե նրանց փոխարեն որևէ այլ անձ։
Մեր ցանկությունն այն է, որ պլատֆորմը և մոդուլներն արագ գործարկվեն։ Եթե տևական ժամանակ դրանք չօգտագործվեն, հնարավոր է, որ այս պլատֆորմը հնանա, հատկապես հնանան անվտանգության ապահովման կառուցակարգերը: Իսկ ժամանակակից զարգացումները և դրանց համաքայլ ընթանալու, ինչպես նաև գործունեության բարձր արդյունավետություն ապահովելու անհրաժեշտությունը պահանջում են գործընթացների շարունակական բարելավումներ, ինչին և պետք է ձգտենք բոլորս:

Աղբյուրը՝ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթ